Նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունքում Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում համայնքերում տնտեսական ծրագրերի իրականացման և 54 մլն դոլարի չափով փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«ԵՄ-ի կողմից բյուջետային ելքերն ու ծախսային մասը կարգավորելու պահանջ կա։ Մենք այս միջոցները մեր համայնքերին ուղղելու խնդիրներ ունենք, և ԵՄ-ն մեզ համար չափորոշիչ է սահմանել, որոնք պետք է ֆիքսել համապատասխան ֆինանսական մուտքեր ունենալու համար», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։
Դավիթ Լոքյանն ընդգծել է, որ բյուջետային պասիվ հսկողության խնդիր կա, որը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։
Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»,- ավելի վաղ ասել էր ԱԳ նախարար Նալբանդյանը: