13 հոկտեմբերի 2017 - 16:40 AMT
Ադրբեջանցիները փորձել են գողություն անել Ֆրանկֆուրտում հայկական տաղավարից

Ադրբեջանցիները գողության փորձ են կատարել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում հայկական տաղավարից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Նա հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար է մտել երկու ադրբեջանցի, վերցրել են գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել դրանք իրենց հետ:

Հայկական պատվիրակության անդամները կարգի հրավիրելու պահանջով հետևել են այդ երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար: «Ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել: Անմիջապես տաղավար եմ կանչել ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ և դեռ սպասում եմ»,-ասվում է գրառման մեջ:

Փոխնախարարը հավելել է, որ այս ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է (թեև ամեն կերպ փորձում էին խանգարել նկարահանելուն), և հայկական կողմը կփորձի այն առաջիկայում հրապարակել:

«Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրև թե իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար: Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին»,-նշել է փոխնախարարը: