16 փետրվարի 2008 - 14:25 AMT
Վաշինգտոնում տեղեկատվություն չկա ԼՂՀ տարածքում քուրդ գրոհայինների առկայության մասին
Վաշինգտոնում պատրաստ են Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել հանրապետության տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության հնարավոր գործունեության մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավարը:

«Մենք քիչ տեղեկություններ ունենք Ադրբեջանում PKK-ի գործունեության մասին, սակայն եթե ադրբեջանցի գործընկերները հետաքրքրվեն այդ թեմայով եւ ցանկանան համագործակցել մեր հետ, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,-ասել է Ջ.Հենիկը:

Դիվանագետը նշել է, որ PKK-ի մասին հարցն արծարծվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի ահաբեկչության խնդրի գծով օգնականի տեղակալ Ֆրենկ Ուրբանչիկի հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովի հետ, որ կայացել է Բաքվում:

«Իրաքում PKK-ի դեմ լուրջ գործողություններ են կատարվում, միջոցներ են ձեռնարկվում: Հնարավոր է, որ ահաբեկիչները անցած լինեն այլ տարածքներ, սակայն մենք այդ մասին տեղեկություններ չունենք»,-հավելել է ամերիկացի դիվանագետը` անդրադառնալով PKK-ի խմբերի հնարավոր տեղակայմանը Լեռնային Ղարաբաղի մերձակա անվտանգության գոտում:

Հիշեցնենք, որ թուրքական «Show TV» հեռուստաալիքը հղում անելով իսրայելյան հետախուզման ոլորտում ունեցած աղբյուրին, տեղեկատվություն էր տարածել Ֆիզուլիի եւ Լաչինի շրջաններում PKK ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ: