Պավել Շերեմտի անվան լրագրողական մրցանակը շնորհվել է անկախ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին, որին մայիսի 29-ին առևանգել էին Վրաստանում և գաղտնի Ադրբեջան տեղափոխել:
Պարգևատրումը տեղի է ունեցել Տալլինում «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ: Մրցանակը հանձնվել է լրագրողի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային, քանի որ նրա ամուսինը դեռևս բանտում է, գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Շերեմտի անվան մրցանակը հանձնվում է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների լրագրողներին արիության և լրագրողական չափանիշներին հավատարմության համար: Մուխթարլին հոդվածներ էր գրում Ադրբեջանի սահմանով ապօրինի շարժի և մաքսանենգության մասին:
Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։