28 հոկտեմբերի 2017 - 12:33 AMT
Ստեփանակերտում քննարկել են բանակաշինությունն ու Երևանի հետ գործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և Երևան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն նախապայմաններից մեկն է:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակին, Ստեփանակերտի և Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երևանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: