Կինեմատոգրաֆիստների միությունում շարունակվում են գիլդիաների ստեղծման աշխատանքները: Նախաձեռնող խմբերը քննարկում են նորաստեղծ մասնագիտական կառույցների խնդիրները, կանոնակարգային, մասնագիտական շահերի պաշտպանության, գործունեության դաշտերի փոխհամաձայնեցման և այլ հարցեր: Այդ մասին ասվում է Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջում:
Հոկտեմբերի 27-ին իր ստեղծման մասին հայտարարեցին պրոդյուսերների և դերասանների գիլդիաները: Պրոդյուսեր, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը միաձայն ընտրվել է պրոդյուսերների գիլդիայի նախագահ: Արման Միտոյանն ընտրվել է նախագահի տեղակալ:
Առաջիկայում պրոդյուսերների նորաստեղծ գիլդիան քննարկման կներկայացնի գիլդիայի կանոնակարգը: Պրոդյուսերների գիլդիայի ստեղծմանը հաջորդեց դերասանների գիլդիայի նախաձեռնող խմբի հանդիպում-քննարկումը: Դերասանները բազմաթիվ խնդիրներ են տեսնում, որոնք կարիք ունեն մասնագիտական այս կառույցի շնորհիվ կանոնակարգելու, որոնք նաև սերտորեն շաղկապված են մյուս մասնագիտական գիլդիաների աշխատանքի հետ: Նախաձեռնող խմբում միաձայն գիլդիայի նախագահ ընտրվեց դերասան Վիգեն Ստեփանյանը:
«Քննարկումներում անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, որոնք կապված են ֆիլմարտադրության, պրոդյուսինգի, կինոյի ոլորտի մյուս կողմերի հետ համագործակցության, մասնագիտական այլ գիլդիաների հետ համատեղ աշխատանքի և այլ հարցերի հետ»,-ասվում է գրառման մեջ:
Գիլդիաները բաց են անդամակցության համար, քանի որ կոչված են որպես մասնագիտական հարթակներ գործելու համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա: Կինոօպերատորներն առաջինը եղան, որ հոկտեմբերի 26-ին կինեմատոգրաֆիստների միությունում հայտարարեցին իրենց մասնագիտական կառույցի՝ կինոօպերատորների գիլդիայի ստեղծման մասին: Գիլդիայի նախագահ է ընտրվել հայտնի կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, նախագահի տեղակալներ՝ Մկրտիչ (Արգո) Բարոյանը և Արտյոմ Մելքումյանը: