Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձն իրավապահների հետ բանակցությունների արդյունքում պատանդ վերցրած երեխային բաց է թողել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:
Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, որտեղ նա պահվում էր, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է վնասել ինքն իրեն, ինչը ոստիկանները կանխել են:
Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ:
Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: