4 նոյեմբերի 2017 - 13:37 AMT
Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կվերաքննվի

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին կքննվի, սակայն այս անգամ՝ քաղաքացիական դատարանում:

Սևակ Բալըքչըի պանության գործով դատական առաջին նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 8-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի դատարանում, հայտնում է Ermenihaber-ը Haberturk լրատվամիջոցի վրա հղումով:

Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակից: Վերջինս դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով էր սպանել Սևակին: Սակայն Բալըքչը ընտանիքը, դիմելով վճռաբեկ ռազմական դատարան, բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Դատարանը բավարարել էր ընտանիքի բողոքը և գործը հետ էր ուղարկել դատարան:

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, հայազգի զինվորի գործը քննվելու է քաղաքացիական դատարանում:

Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա: