Լրագրողական հետազոտությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) նոյեմբերի 5-ին օֆշորային փաստաթղթերի փաթեթ է հրապարակել, որը մասնավորապես կարող է ստվեր գցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի վրա:
Լրագրողական հետազոտությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի հիմնադրամներից մեկի կողմից:
Ըստ հրապարակված տվյալների, Լանքասթերի դքսությունը, որը պատկանում է թագուհուն և ապահովում է նրա անձնական ծախսերը, միջոցների մի մասը պահել է հիմնադրամներում, որոնք գրանցված են Կայմանյան և Բերմուդյան կղզիներում:
Ներդրումներն օֆշորներում ապօրինի չեն համարվում, սակայն, եթե տվյալները հաստատվեն, դա, ամենայն հավանականությամբ, մեծ սկանդալ կառաջացնի Մեծ Բրիտանիայում: «Երբ նման մի արտահոսք եղավ նախկինում, այդ ժամանակվա վարչապետ Դևիդ Քեմերոնը քիչ մնաց զրկվեր պաշտոնից: Թագուհուն, անշուշտ, նման բան չի սպառնում, հասկանալի է, որ նա անձամբ չի զբաղվում ֆինանսական հարցերով, սակայն այդ պատմությունը կարող է տհաճ ազդեցություն ունենալ»,-ասել է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Լանքասթերի դքսությունը ստիպված կլինի պատասխանել մի շարք տհաճ հարցերի և որոշ փաստաթղթեր հրապարակել, համոզելու համար բրիտանացիներին, որ մախինացիաներ չեն եղել»,-հավելել է աղբյուրը:
Ըստ BBC-ի, որը ICIJ-ի գործընկերն է Բրիտանիայում, օֆշորային ֆոնդերը թագուհու միջոցները ներդրել են կասկածելի հեղինակություն ունեցող ընկերություններում, այդ թվում ալկոհոլի վաճառքով զբաղվող Threshers-ում, որը 2009-ին փոխանցվել է արտաքին կառավարման, BrightHouse ընկերությանը, որը վարձակալությամբ կահույք, էլեկտրոնիկա և տնային պարագաներ է տրամդրում հետագայում դրանք գնելու իրավունքով և քննադատության է ենթարկվել լիզինգի ոչ բավարար ազնիվ պայմանների համար:
Մոտ 500 մլն ֆունտ սթերլինգ գնահատվող Լանքասթերի դքսության ֆինանսական տնօրեն Քրիս Էդքոկը ավելի վաղ հայտարարել էր BBC-ին, որ նրա ներդրումային ռազմավարությունը հիմնված է ներդրումների գծով փորձագետների խորհուրդների վրա և որ ներդրումների մի փոքր մասն է միայն արտասահմանյան հիմնադրամներում:
Նա խոստովանել է նաև, որ տեղյակ չի եղել BrightHouse-ում արված ներդրումներին, որոնք իրականացվում են արդեն մոտ 12 տարի:
Նախորդ օֆշորային սկանդալը Մեծ Բրիտանիայում ի հայտ եկավ 2016-ի ապրիլին, երբ պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության նյութերում հիշատակվում էր այն ժամանակվա վարչապետ Դևիդ Քեմերոնի հայրը՝ Յան Քեմերոնը, որպես օֆշորային Blairmore Holdings-ի 5 բրիտանացի տնօրեններից մեկը: Վարչապետը ստիպված եղավ խոստովանել, որ մինչ վարչապետ դառնալը ունեցել է Blairmore Holdings-ի բաժնետոմսեր: Ըստ Քեմերոնի, նա և իր կինը՝ Սամանտան, վաճառել են 30.000 ֆունտ սթերլինգ գնահատվող բաժնետոմսերը 2010-ի հունվարին: Այդ հայտարարությունից հետո ազատականներից շատերը կոչ էին անում Քեմերոնին հրաժարական տալ: