Դատական քննիչը Բրյուսելում ազատ է արձակել Կատալոնիայի տարածաշրջանային վարչակազմի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նրա 4 աշխատակիցներին: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնել է Բելգիայի դատախազությունը: Նրանց, սակայն, արգելվում է լքել երկիրն առանց դատարանի թույլտվության:
Նրանք պետք է թողնեն իրենց հասցեներն ու ներկա լինեն իրենց գործով բոլոր դատական նիստերին, ասել են դատախազությունում:
Այժմ գործը կուղարկվի առաջին ատյանի դատարանի խորհրդակցական սենյակ, որը 15 օրում դատավճիռ կկայացնի Իսպանիայի իշխանությունների կողմից ստորագրված ձերբակալության եվրոպական թույլտվությունն իրագործելու վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն:
Իսպանիայի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրել Կարլես Պուչդեմոնին և Մադրիդի կողմից լուծարված Կատալոնիայի վարչակազմի ու խորհրդարանի մյուս անդամներին՝ մեղադրելով պետական իշխանության դեմ ապստամբելու և բյուջեի միջոցները չարաշահելու մեջ: Իսկ Իսպանիայի գերագույն դատարանը նրանց կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Ավելի ուշ Բելգիայի դատախազը հաստատել է, որ ձերբակալության 5 եվրոպական թույլտվություն է ստացել: Պուչդեմոնն ու նրա աշխատակիցները հանձնվել էին բելգիական ոստիկանությանը նոյեմբերի 5-ին: