Երևանի պատմության թանգարանում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել է և շրջանառության մեջ է դրվել հինգ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային:
Գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ պատկերված եռաչափ ցուցասրահի խորապատկերին:
Հինգ նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30.000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի գաղափարը պատկանում է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Աննա Աբգարյանը և Հարություն Սամուելյանը:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի չափսերն են՝ 29,0 x 35,0 մմ, 43,0 x 45,5 մմ:Գեղաթերթիկի չափսերը` 244,0 x 94,0 մմ