20 փետրվարի 2008 - 18:09 AMT
Դիտորդները չեն մեկնաբանում ընտրությունների արդյունքները, նրանք հետեւում են դրանց անցկացմանը
Դիտորդները չեն մեկնաբանում ընտրությունների արդյունքները, նրանք հետեւում են դրանց անցկացմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ եւ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Ան-Մարի Լիզինը: Նրա խոսքերով, դիտորդները չեն մեկնաբանում ընտրությունների արդյունքները, նրանք հետեւում են դրանց անցկացմանը: «Դա Հայաստանի իշխանությունների գործն է: Մենք կարող ենք միայն խորհուրդներ տալ: Մեր առաքելությունը խախտումներ է արձանագրել, սակայն մեծ մասամբ մենք հաստատող փաստեր չենք ունեցել»,- նշել է նա, հավելելով, որ ԶԼՄ-ները ավելի շատ ուշադրություն են հատկացրել իշխանությունների թեկնածուին, քանի որ նա վարչապետ է:

Իր հերթին, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջոն Պրեսկոտը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ազատ լինի, ինչը Հայաստանում չկա: «Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ Հայաստանը առաջ է գնում ժողովրդավարության ուղով եւ այդ ընտրությունները դարձան եւս մեկ քայլ»,- ասել է Պրեսկոտը: