21 փետրվարի 2008 - 21:25 AMT
ԱՄՆ-ն կասկածի տակ չի առնում Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
«ԱՄՆ-ն կասկածի տակ չի առնում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները»,-ասել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխօգնական Մեթյու Բրայզան` մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար Վասկեսի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները մտահոգված են հաղորդագրություններով փետրվարի 19-ի Հայաստանի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի հետ արձանագրված խնդիրների մասին: «Դա չի նշանակում, որ մենք կասկածի տակ ենք առնում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Սակայն մենք դեռեւս պատրաստ չենք հայտարարել, որ բոլոր հնչեցված մտահոգությունները լիակատար կերպով հետազոտվել են: Դրա համար կպահանջվի մի փոքր ավելի շատ ժամանակ` ինչպես դա եղավ Վրաստանի հունվարի 5-ի նախագահական ընտրությունների դեպքում: Մենք ծանոթ ենք ԵԱՀԿ եւ Խավիեր Սոլանայի հայտարարություններին եւ կիսում ենք դրանցում ներառված գնահատականները», - ասել է Մեթյու Բրայզան, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:

Նշենք, որ Խավիեր Սոլանան նշել է, որ Հայաստանի նոր նախագահի ընտրությունը լավ հնարավորություն է հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջաքերի շարունակման համար: Նրա խոսքերով, Եվրամիությունը ողջունում է այն, որ ընտրությունները Հայաստանում էապես համապատասխանել են ԵԱՀԿ չափանիշներին: