Ռուսաստանյան տուրիստական գործակալությունները Հայաստանը համարում են գինեգործական տուրիզմի մատչելի և հետաքրքիր ուղղություններից մեկը: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան գրում է, որ վերջին տարիներին ռուսաստանցիների շրջանում աճում է հետաքրքրությունը գինու համտեսներ ներառող տուրիստական փաթեթների նկատմամբ:
Ի տարբերություն մի շարք երկրներում այսպիսի փաթեթների շատ բարձր գների՝ Հայաստանում, ըստ ռուսական տուրիստական կազմակերպությունների, գինեգործական տուրիզմը հասանելի է գրեթե բոլորին: Այցը դեպի Հայաստանի «Արարատ» կոնյակի գործարան կամ Արենի մի ամբողջ օրվա համար մոտ $50արժե, գրում է ասոցիացիան:
«ԱԼԵԱՆ» ազգային տուրօպերատորը ասոցիացիային հայտնում է, որ դեպի ԱՊՀ երկրներ տուրփաթեթները հիմնականում ներառում են գինու համտեսներ:
«Օրինակ՝ «Հայաստանի լեգենդները» տուրը ներառում է նաև հայկական կոնյակի համտես», - տուրիստական կազմակերպությունից ասել են ասոցիացիային:
2017-ի ամռանը Հայաստանը պահանջված ուղղություն էր ռուսաստանցիների հանգստի համար՝ աճը կազմել է 37%: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների առաջին 7-յակում, որտեղ 2017-ի ամռանը հանգստացել են ՌԴ քաղաքացիները:Հայաստանից բացի ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2017-ի ամռանը պահանջված էին նաև Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Բուլղարիան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: