Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 2016-ի ուղևորություններին, այդ թվում Հայաստան կատարած ճամփորդությանը նվիրված նամականիշերը:
Դրանցից յուրաքանչյուրի հեղինակները տարբեր արվեստագետներ են:
Նամականիշի վրա պատկերված է Ծիծեռնակաբերդում՝Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև աղոթող Հռոմի պապը: Հայաստանին նվիված նամականիշի հեղինակը նկարիչ և դաշնակահար Դանիելա Լոնգոն է, ասվում է Սուրբ Աթոռի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Հրապարակվել նաև Հռոմի պապի Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելություններին նվիրված նամականիշներ:
Ֆրանցիսկոս պապը Հայաստանում է եղել 2016-ի հունիսի 24-26-ը: Այցը կրում էր «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագիրը:
Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:
Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:
Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը: