4 դեկտեմբերի 2017 - 16:23 AMT
130․000 դրամի դիմաց վարորդական իրավունք վաճառելու մեջ կասկածվող ոստիկանները կալանավորվել են

130 հազար դրամով վարորդական իրավունք վաճառելու համար կասկածվող ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Գոռ Քոչարյանը և կաշառք ստանալուն օժանդակած բաժնի թղթակցությունների խմբի տեսուչ Արմեն Մկրտչյանը կալանավորվել են։

Ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, նախաքննությամբ պարզվել է, որ Հրազդանի բնակիչ Շ․ Մակոյանը մեկը դիմել է իր ծանոթ Հայկ Մամիկոնյանին վարորդական վկայական ստանալու համար, ով առաջարկել է միջնորդել տվյալ հարցում։ Մամիկոնյանը, վերցնելով 160 հազար դրամ, 30 հազարով պետական վճարումներ է կատարել, մնացածը հանձնել Մկրտչյանին, ով էլ փոխանցել է գումարը Քոչարյանին։

Այնուհետև Մակոյանը՝ չանցնելով քննություն, ստացել է B և C կարգերի վարորդական վկայական։

Ոստիկանության պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել կաշառք ստանալու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար.

Տեսուչներին ձերբակալելու մասին հայտարարվել էր դեկտեմբերի 2-ին։