7 դեկտեմբերի 2017 - 10:42 AMT
ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 7-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Ջաջուռի լեռնանցքը:

Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում և Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: