ՀՀ ՊՆ-ն աշխատում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում գիտական ոլորտում նշանակալի կամ բացառիկ կարողություններ ունեցող երիտասարդների ընտրության չափորոշիչների վրա, որոնց իրավունք կտրվի ծառայել գիտական վաշտերում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք պետք է օրենքով սահմանված կարգով այդ գործընթացն ավարտած լինենք մինչև ապրիլ, բայց վստահ եմ, որ ավելի շուտ, տոնական օրերից հետո կառավարության որոշումների նախագծերը երևի թե պատրաստ կլինեն, և մենք դրանք քննարկման կներկայացնենք»,– նշել է ՀՀ ՊՆ ղեկավարը:
Ավելի վաղ ԱԺ-ում ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին:
«Պատիվ ունեմ» ծրագրով քաղաքացիները տարկետում կստանան, եթե սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն անցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, ծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: