27 դեկտեմբերի 2017 - 10:55 AMT
Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին կբարեկարգվի. Առևտուրը կարգելվի

Երևանի Ա.Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին կբարեկարգվի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից:

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել այդ առաջարկին:

Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից հետագա տարիներին հիմնադրամի հաշվին կիրականացվի այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, կանաչ գոտիների խնամքը:

Այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը:

Շինարարական և բարեկարգման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի սեպտեմբերին: