29 դեկտեմբերի 2017 - 15:29 AMT
ԻՊ համակիր ներկայացած անձինք օժանդակել են ՀՀ քաղաքացուն Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ

ՀՀ քաղաքացի Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած անձանց օժանդակությամբ կրոնական մոլեռանդության շարժառիթով Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության համար:

Համապատասխան դատական գործը տեղադրված է Datalex դատական տեղեկատվական համակարգում:

Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Նա կալանավորված է:

Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Գյումրիում ապրիլի 22-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող էր սպանվել: Ժամեր անց ոստիկաններին հաջողվել էր պարզել, որ սպանությունը կատարել է 20-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ տարբեր տեղեկությունների, հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: