ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը, որը 10 օր անցկացրել է ադրբեջանական մեկուսարանում, վերադառնալով հայրենիք, գրառում է կատարել «ՎԿոնտակտե» սոցցանցում:
Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Չուլկովն արտահանձնվել է Ռուսաստան:
«Իմ ամանորյա ուղևորությունը հյուրընկալ Ադրբեջան ավարտվել է: Այցելել եմ հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանության բաժանմունք, դատարան, ժամանակավոր պահման մեկուսարան (10 օր), արտաքսման 2 կենտրոն»,-ասվում է նրա գրառման մեջ:
Չուլկովը հավելել է նաև, որ «այդպիսի ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հունվարի 5-16-ը հնարավորություն չի ունեցել օգտվել համացանցից և պատասխանել հեռախոսազանգերին»: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ով սատարել է իրեն՝ նշելով, որ նրանց աջակցությունը «հաղթահարել է բոլոր սահմանները, ճաղերն ու պատերը»:
Երիտասարդ գիտնականը խոստացել է մանրամասներ ներկայացնել իր «արկածների մասին»:
Չուլկովը հունվարի 3-ին ժամանել էր Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ, հունվարի 5-ին նա շարժվել էր դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու նպատակով: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել էր ոտքով և այլևս չէր վերադարձել: Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում էլ, հավանաբար, հայտնվել էր Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը:
Չուլկովը ձերբակալվել էր, նյութերն ուղարկվել էին դատարան: Հունվարի 5-ին, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Ադրբեջանի ՔՕ վարչական իրավախախտումների մասին 535 հոդվածի վրա հղումով, դատարանը ձերբակալել էր նրան 10 օրով: