18 հունվարի 2018 - 18:29 AMT
HRW. ՀՀ իշխանությունը չվերականգնեց հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ

Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո, 2017 թվականի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չվերականգնեցին հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ: Այս մասին իր 2018 թվականի զեկույցում գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Իշխող կուսակցությունը հաղթել է, չնայած ընտրախախտումների մասին բազամթիվ հաղորդումներին»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ իշխանությունները ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ 2016 թվականին Երևանում հուլիսյան դեպքերի ընթացքում:

Միջազգային կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում ընտանեկան բռնության խնդրին: Նշվում է, որ համապատասխան օրենքն ընդունվել է խորհրդարանի կողմից, սակայն կանանց իրավունքներով զբաղվող խմբերին ավելի շատ մտահոգել է ընտանիքի անդամներին չբաժանելու, քան բռնության զոհերին պաշտպանելու խնդիրը: