19 սեպտեմբերի 2002 - 20:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱ ՈՒՆԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ
Հայ-թուրքական հաշտության հանձնախմբի անդամ, Երեւանի պետհամալսարանի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումները: Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանի շրջանակներում նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Շյուքրու Սին Գյուրելի վերջին հանդիպմանը` Հովհաննիսյանը հայտարարել է «Արմինֆո» գործակալությանը, որ «նման հանդիպումները միշտ կարեւոր են»: Նրա խոսքերով, տարվա ընթացքում այդ նման չորրորդ հանդիպումն է, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները զրույցի թեմա ունեն: Բացի դրանից, գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց շուրջ քննարկումները չեն ավարտվել, եւ դա նշանակում է, որ նոր հանդիպումների անհրաժեշտություն կա, ամփոփել է Հովհաննիսյանը: