26 հունվարի 2018 - 17:14 AMT
Զինծառայողներին հիփոթեքի աննախադեպ պայմաններ կառաջարկեն

Առաջիկայում զինծառայողները բնակարանների ձեռքբերման նոր հնարավորություն կստանան հիփոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ ամփոփելով 2017 թվականի արդյունքները:

Նոր ու բացառիկ ծրագիրը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն:

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում ամփոփելով 2017 թվականը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական զինուժը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրները, ընդ որում՝ կյանքի են կոչվել մի շարք նոր ու բացառիկ ծրագրեր: Նախարար Սարգսյանը շեշտել է, որ 2017-ը հատկապես կարևոր տարի էր պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջությամբ վերանայելու և զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին նոր առանցքային դրույթներ սահմանելու համար:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը չափազանց կարևորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը: Լուծվել է նաև զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման հարցը:

Նախարար Սարգսյանը նիստի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում 2017 ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների և առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։