2 փետրվարի 2018 - 11:40 AMT
Շարմազանով. ԼՂ խնդրին կրոնական երանգ տալու Բաքվի ջանքերն ապարդյուն են

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, քան՝ Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա շեշտել է, որ Արցախյան հիմնահարցին կրոնական երանգ տալու Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության՝ նշելով, որ Իրանի ու այլ երկրների հավասարակշռված մոտեցումը խոսում է այդ կարևորագույն փաստի մասին, հայտնում է Aysor.am-ը:

«Սա ձախողված փորձ է, որովհետև Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է: Դրա վառ ապացույցն Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրոքորոոշումն է Արցախյան հիմնահարցում», - ասել է նա:

Նա հավելել է, որ Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է: «Դա պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ: Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը, ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»,-ասել ՀՀԿ խոսնակը:

Ստամբուլում տեղի ունեցած «Երուսաղեմ. Աստծո լույսով լուսավորված քաղաք» միջազգային համաժողովում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար: «Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», - ասել էր Փաշազադեն: