«Էվերթոնի» կազմում հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ, Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալում» ավելի լավ կզգա իրեն, քան ՄՅՈւ կազմում:
Sky Sports-ին տված հարցազրույցում Ռունին նշել է հայ կիսապաշտպանի տաղանդն ու աշխատասիրությունը՝ ընդգծելով, որ տեսել է նրա մշտական մարզումները: «Կարծում եմ, «Մանչեսթեր Յունայթեդում» նա չստացավ խաղի այն ազատությունը, որը ցանկանում էր և որը ուներ Դորտմունդում»,-ասել է նա:
«Ես իրոք կարծում եմ, որ Մխիթարյանը շուտով ցույց կտա իրեն»,-ասել է Ռունին:
Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին՝ 1,5 տարի անցկացնելով ՄՅՈւ կազմում: Հայ կիսապաշտպանը չկարողացավ հարմարվել Մոուրինյոյի ղեկավարած թիմին և փոխանակվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Լոնդոնյան ակումբի կազմում երկրորդ իսկ խաղում, «Էվերթոնի» հետ, Մխիթարյանը 3 գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: