11 մարտի 2008 - 14:22 AMT
Մոլդովան մտադիր՞ր է դուրս գալ ՎՈՒԱՄ-ից
ՎՈՒԱՄ-ին անդամակցելիս Մոլդովան տնտեսական օգուտ քաղելու ակնկալիքն ուներ, սակայն քաղաքական խաղերում հակակշռի տեսքով միավորումն անհեռանկարային է համարում: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, ցանկացած կազմակերպությանն անդամակցելիս պետք է արդյունավետ օգուտ լինի: «Եթե այն չկա, ապա չկա նաեւ շահ: Իսկ եթե չկա շահ, ապա ներկայությունը հարկադրված է դառնում: ՎՈՒԱՄ-ի հեռանկարները մշուշոտ են: Եթե տնտեսական շահ չի լինելու, ապա մնալ այնտեղ ի հակակշիռ ինչ-որ մեկին մեզ հարկավոր չէ: Մոլդովան այն երկիրը չէ, որ ինչ-որ մեկին հակակշռի դերում հանդես գա»,-ասել է Վորոնինը:

Մոլդովայի նախագահը հիշեցրել է, որ ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովներում խոսվում էր Օդեսա-Բրոդի նավթամուղի շինարարության մասին: «Սակայն երբ ես նայեցի այդ խողովակի անցման քարտեզին, ապա տեսա, որ այն բավականին հեռվից շրջանցում է Մոլդովան: Իսկ անցյալ տարի առավել տարօրինակ բաներ սկսեցին կատարվել: Խոսվեց սեփական խաղաղապահ ուժեր ստեղծելու մասին: Ես հարցրեցի` ինչու: Ինձ պատասխանեցին, թե բոլորս հակամարտություններ ունենք: Եվ ի՞նչ: Չէ որ մենք ունենք միջազգայնորեն ճանաչված խաղաղապահ ուժեր` ինչո՞ւ նորը ստեղծել: Ես ասացի, որ դադարեցնեն այդ խաղերը: Փառք Աստծո, ՎՈՒԱՄ-ի որոշումները կայացվում են փոխհամաձայնության հիման վրա, եւ երբ մենք հրաժարվեցինք ստորագրել փաստաթուղթը, այդ գաղափարն արդյունքում տապալվեց»,-ընդգծել է Վ.Վորոնինը: