15 փետրվարի 2018 - 17:07 AMT
ԵԼՔ. Դատապարտում ենք «Երկիր ծիրանիի» անդամի հանդեպ ՀՀԿ-ականների բռնությունը

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում էփետրվարի 13-ի նիստում «Երկիր ծիրանիի» անդամի նկատմամբ ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը: Այս մասինհայտնում է ԵԼՔ դաշինքի մամուլի հետ կապերի բաժինը։

«Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ «Երկիր ծիրանիի» այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը»,-նշվում է հայտարարության մեջ:

Խմբակցությունը պահանջում է իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:

Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։

«Երկիր Ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս: