Շիրակի մարզում 250.000 դրամ աշխատավարձով հովիվ է պահանջվել, սակայն այդ աշխատանքը ցանկացողներ չեն եղել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Նա ասել է, որ աշխատող գտնելու հարցում դժվարություններ է ունեցել նաև մեկ այլ գործատու՝ ելակի ջերմոց հիմնելիս, և ամբողջ գյուղում հնարավոր չի եղել հող փորող գտնել:
«Մի մասը ապրում է միայն նպաստով, մյուս մասը ծուլացել է: Փաստն այն է, որ գործատուն դժվարանում է աշխատող գտնել: Տարօրինակ հոգեբանություն կա, ասում են՝ ինչու՞ պիտի ես գամ քեզ համար աշխատեմ: Ես ինքս տեղում պետք է պարզեմ, թե ինչու աշխատել չեն ուզում»,- ասել է մարզպետը:
Ամփոփելով 2017-ին մարզում իրականացված ծրագրերն ու մարզպետարանի աշխատանքը, Խաչատրյանը նշել է, որ աճ է գրանցվել առողջապահության ոլորտում, սակայն անբարենպաստ տարի է եղել գյուղատնտեսության համար: