Թուրքական օդուժը ավիահարված է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Իրաքի հյուսիսում: Ռմբակոծվել են նաև ռազմական պահեստներ: Այդ մասին հայտնել են Թուրքիայի զինված ուժերը:
ՔԱԿ դեմ թուրքական բանակի գործողությունները շարունակվում են 2015-ի ամառվանից, երբ ձախողվեց հրադադարը: Թուրքերը հարվածում են քրդերի դիրքերին առավելապես Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսւոմ, գրում է Deutsche Welle-ն:
Թուրքիան շարունակվում է նաև ռազմական գործողությունը Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ:
Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: