28 փետրվարի 2018 - 11:06 AMT
ՀՀ-ն ՄԱԿ-ում Ցեղասպանության կանխարգելման բանաձև է ներկայացնում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով և անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեությանը: Այդ մասին ՄԱԿ-ում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև: Որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: Ինչպես վերջերս նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մյոլլերը. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման պաշտպանության գործում»,-ասել է նախարարը:

Նա հավելել է, որ աշխարհի տարբեր մասերում՝ հենց մեր աչքերի առջև, կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները, բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից» և կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղված միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ:

«Դեկտեմբերի 9-ին մենք Երևանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը։ Այն կարևոր հարթակ կհանդիսանա այս զազրելի հանցագործության դեմ մեր միասնական պայքարի վճռականության արտացոլման, դրա շուրջ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման համար»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին: Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում: