Ռուսաստանում պարտադիր պատվաստումների ցանկը կարող է ընդլայնվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը ՌԴ կառավարությանը կից Մանկության տասնամյակի անցկացման համակարգող խորհրդի նիստում:
«Ջրծաղիկի պատճառով մանկապարտեզներում ամբողջ խմբեր են փակվում: Արդյունքում մեծահասակներն էլ են հիվանդանում, ինչը շատ ավելի վտանգավոր է և երբեմն մահացու ավարտ է ունենում: Կրտսեր տարիքի երեխաները պարտադիր պետք է պատվաստվեն ռոտավիրուսային վարակի դեմ»,-ասել է նա: Ըստ գործակալության, առողջապահության նախարարությունը մտադիր է այդ վարակի դեմ պատվաստումները սկսել 2020 թվականից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ գործող կարգի ՌԴ-ում պարտադիր են համարվում պատվաստումները 13 վարակից:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում:Դեռևս 2015-ի արդյունքներով` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ուկրաինան ներառել է աշխարհի այն 10 երկրների ցանկում, որտեղ մանկական վարակների՝ կարմրուկի, դիֆթերիայի, կապույտ հազի պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է։ Կոլեկտիվ իմունիտետի ապահովման համար անհրաժեշտ է առնվազն 90 տոկոս պատվաստված բնակչություն, սակայն Ուկրաինայում կարմրուկի դեմ 1 դեղաչափ ստացել է բնակչության 45, երկու դեղաչափ՝ ընդամենը 30 տոկոսը։