Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ:
Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Կվիրիկաշվիլին Հայաստան պետք է ժամաներ 2017-ի դեկտեմբերի 1-ին: Սակայն նոյեմբերի 30-ին վրացական կողմի խնդրանքով նրա այցը Հայաստան հետաձգվել էր: