2 մարտի 2018 - 11:32 AMT
Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղ-ԵՄ 1988-2018» խորագրով միջոցառում է անցակցվել

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված համաժողովին, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018 թթ.» խորագիրը։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԽ կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում ընդունված բանաձևերին, տարածաշրջանում ԵՄ ներկայիս քաղաքականությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքներին առնչվող մի շարք հարցերի։

Իր ելույթում Արմինե Ալեքսանյանն ընդգծել է Արցախ-ԵՄ համագործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Միջոցառմանը, որը նպատակ ուներ խրախուսել եվրոպական հաստատություններին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մասնակցում էին ԵԽ բազմաթիվ պատգամավորներ, ԵՄ տարբեր կառույցների աշխատակիցներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Համաժողովին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի աջակցությամբ։