2017 թվականին Ռուսաստանը, պաշտոնական տվյալներով, $16 մլրդ-ի սպառազինություն է արտահանել տարբեր երկներ, իսկ պատվերների թիվը մոտեցել է $50 մլրդ-ի շեմին: Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, երկիրը նախորդ տարում պահպանել է երկրորդ տեղը սպառազինության համաշխարհային շուկայում։
Նշվում է, որ Ալժիրը երկրորդ երկիրն է աշխարհում՝ Հայաստանից հետո, որին ՌԴ-ն «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր է վաճառել: Ռուսաստանյան New Defense Order Strategy կայքի փոխանցմամբ, մայիսին ՌԴ-ն Հայաստանին է մատակարարել «Վերբա» 9К333 զենիթահրթիռային համալիրներ:
«Հայաստանը գնել է «Վերբա» 9К333 նորագույն զենիթահրթիռային համալիրների խմբաքանակ և դարձել այդ համալիրի առաջին հայտնի օտարերկրյա պատվիրատուն»,- նշում է աղբյուրը։
Մյուս խոշոր պատվիրատուների ցանկում,Հայաստանից բացի, ընդգրվել են Թուրքիան, Բելառուսը, Սաուդյան Արաբիան, Հունաստանը, Բանգլադեշը, Ուզբեկստանը և այլն: Նյութում չի հիշատակվում Ադրբեջանի հետ գործակցության մասին: Մինչդեռ հայտնի է, որ ՌԴ-ն միլիարդավոր դոլարների սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը համալրվել են «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներով: «Իգլա-Ս» գնելու մասին հայտնի էր դարձել 2016-ի փետրվարին, «Վերբան» գնելու մասին հայտարարվել էր 2017 թվականի ապրիլին:
«Իգլա-Ս»-ն ու «Վերբան» ռուսական արտադրության դյուրակիր զենիթային համալիրներ են. դրանց հեռահարությունը 0.5-6 կմ է՝ 10-3500 մ բարձրությամբ թռչող թիրախների համար: