2018թ. ապրիլից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից:
Այս քայլը միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը: Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018թ. ապրիլից սկսած այլևս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով:
Այսուհետ դեսպանությունը կշարունակի վիզայի դիմումներ ընդունել խիստ սահմանափակ ծավալով: Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել, ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դիմումների ընդունման և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացները միմյանցից անկախ են: Վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցները: