ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:
Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիբանան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար:
«Լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել մեր հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմը: Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով», - ասել է վարչապետը՝ ներկայացնելով Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։
Սաադ Հարիրին, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, նշել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար, մասնավորապես, ենթակառուցվածքների, այդ թվում՝ նաև պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում: