17 մարտի 2018 - 12:54 AMT
Մոսկվան 23 բրիտանացի դիվանագետի կարտաքսի

Ռուսաստանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել և պահանջել է, որ վերջիններս մեկ շաբաթվա ընթացքում հեռանան Ռուսաստանից: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաշվի առնելով անհավասարությունը հյուպատոսական հարաբերություններում, Մոսկվան չեղարկել է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսություն բացելու թույլտվությոնը: Նաև դադարեցվում է Բրիտանական խորհրդի գործունեությունը վերջինիս կարգավիճակի չկանոնակարգված լինելու պատճառով:

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Լոնդոնին, որ եթե Բրիտանիայի կողմից ՌԴ հանդեպ այլ անբարյացակամ գործողություններ ձեռնարկվեն, Մոսկվան այլ պատասխան միջոցների իրավունք է վերապահում իրեն:

Մարտի 15-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի երկրից Սկրիպալի գործի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվել:

ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Բրիտանիայում 2010-ին ՌԴ և ԱՄՆ միջև հետախույզների փոխանակումից հետո: Նախկին սպան և նրա դուստրը մարտի 4-ին հայտնաբերվեցին բրիտանական Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում: Լոնդոնում պնդում են, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով: Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան մեղասկից է թունավորմանը: ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարությունը «կրկեսի ներկայացում» է անվանել: