20 մարտի 2008 - 18:32 AMT
Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում միջազգային օրինականության չափանիշին
«Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», եւ կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի խորհրդատվությունները իբր ներխուժում են Ադրբեջանի ներքին գործերի ոլորտ»,- ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, հատկանշական է Ադրբեջանի Հանրապետության Սահամանադրության անհամապատասխանությունը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ 1966 թ. Մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերով ձեւակերպված լիակատար ազատության պայմաններում ազատ կամաարտահայտման միջոցով սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու ժողովուրդների իրավունքի եւ սկզբունքի միջազգային-իրավական նորմի էությանը: «Ինչպես հայտնի է, միջազգային հարաբերությունների համակարգում այդ փաստաթղթերը այն պայմանագրերն են, որոնք ամրագրում են Միջազգային իրավունքի ճանաչված հիմնական սկզբունքներն ու նորմերը պահպանելու եւ հարգելու պետությունների պարտավորությունները, եւ առաջին հերթին` մարդու իրավունքներն ու ազատությունները: Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի այն սկզբունքներին, որոնք կազմում են նրա առավել կայուն միջուկը եւ համապիտանի չափանիշ են պետությունների գործելակերպի միջազգային օրինականության գնահատման համար»,- նշել է նա:
Գեներալ-մայոր Քոթանջյանը նաեւ ընդգծել է, որ «Ադրբեջանի ամբողջ բնակչության շրջանում հանրաքվեի միջոցով տարածքի փոփոխման մասին» Ադրբեջանի Սահմանադրության նորմը հակասում է այդ փաստաթղթի մեկ այլ նորմի, որը ձեւակերպված է «Պետության գերագույն նպատակը» հոդվածում: Ըստ այդ ձեւակերպման` «սույն Սահմանադրության մեջ թվարկված մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները կիրառվում են համապատասխան այն միջազգային պայմանագրերին, որոնց կողմն է Ադրբեջանի Հանրապետությունը»: Տվյալ դեպքում խոսքը պետք է վերաբերի վերը հիշատակված միջազգային պայմանագրերին:
Այսպիսով` Ադրբեջանի իշխանությունների այն պնդումները, թե իրենք Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում հավատարիմ են միջազգային իրավունքին, չեն համապատասխանում իրականությանը: Սահմանադրության մեջ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների եւ նորմերի ամբողջովին արտացոլման տեսանկյունից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրակտիկայում Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում միջազգային օրինականության չափանիշին»,- հայտարարել է Հայկ Քոթանջյանը: