Մի շարք պետություններ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քայլեր են կատարել, որպեսզիճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, սակայն, այս առումով միջազգային հանրությունից սպասումներն, իրականում, ավելին էին: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ խոսելով 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին:
Նրա խոսքով՝ ադրբեջանական ագրեսիան առաջին հերթին կանխվել է Արցախի պաշտպանության բանակի և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ոչ հրապարակային ձևով այս ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկել, հայտնում է Արցախպրեսը:
«Կան երկրներ, որոնք ի վիճակի չէին զսպել ագրեսիան, իսկ որոշներն էլ, օրինակ՝ Թուրքիան, Պակիստանը, հակառակը, խրախուսում էին: Հետևաբար, միջազգային առումով ևս առկա է շահերի բախում, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումներ և այլն: Այս ամենը ցույց է տալիս որ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում որևէ մեկի վրա հույս դնելն անիմաստ է: Մեր հաջողության գրավականն այսօր և միշտ պայմանավորված է մեր բանակի հզոր լինելով և համայն հայության համախմբվածությամբ»,- ասել է Բաբայանը:
Անդրադառնալով հարևան երկրի ռազմատենչ քաղաքականությանը՝ Բաբայանը նշել է, որ արդեն Երևանի և Զանգեզուրի մասին հավակնություններ հայտնող թշնամին այլընտրանք չի թողնում:
«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը կրկին ռազմական գործողությունների վերածել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը, մեր բանակի կողմից ռազմական գործողությունների տեղափոխումը հակառակորդի տարածք անխուսափելի է լինելու: Ցավոք, ոչ թե երկու, այլ երեսուն տարի անց անգամ մեր թշնամին խաղաղության պարտադրանքը այլ կերպ չի ընկալել»,- հավելել է Բաբայանը:
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Հայկական կողմից զոհվել է ավելի քան 100 մարդ: