Բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է, ցանկացած պահի, երբ մարդիկ կարծում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն՝ նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:
«Մեր բանակաշինությունը տասնամյակների ընթացքում պետական կառույցի՝ զրոյից ձևավորման և հաղթական բանակի ձևավորման բացառիկ պատմություն է։ Ապրիլյան դեպքերը որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ՝ աշխարհի ամենաուժող բանակն անգամ դեռ ի հայտ չի բերել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նախարարն ընդգծել է, որ զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրդ պաշտպանելու գաղափարի հետ։ Նրա խոսքով՝ ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, անդառնալի կորստի զգացում է ամեն այցի ժամանակ, սակայն, միևնույն պահին՝ մեծ հպարտություն է՝ այն մարդկանց անցած ուղու համար, ովքեր երկիրը շեն են պահում, սահմաններն՝ անառիկ, և բոլորիս պարտքն է դրան համարժեք ձևավորել պայմաններ, միջավայր, որ այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի։
«Ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, և նույնիսկ դա չեմ կապում ապրիլյանի հետ, մենք, կարծում եմ, որպես հասարակություն գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր, հասարակության մի մասի ուսերին դրված կամ կտրված պետության կենսակերպից առհասարակ»,- ասել է նա։
«Մեր պայքարը ոչ սկսում, ոչ ավարտվում է Ղարաբաղով, մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն, մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք՝ առաջ շարժվելու, զարգանալու, արագ զարգանալու, միևնույն ժամանակ բավականաչափ անելու՝ այդ զարգացումը պաշտպանելու համար։ Ես չեմ կարծում, որ որևէ պաշտպանության նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայել ձեր միջոցով մեր հասարակության աչքերին և ասել՝ մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է, ով այդպիսի բան ասի, նշանակում է՝ կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կամ անելիք չունի ուղղակի»,- ասել է նա։
Սարգսյանն ասել է, որ հետևողական աշխատել են և աշխատելու են բանակի մարտունակությունը բարձրացնելու, բանակի համբավն այն մակարդակում պահելու, որով դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից՝ զինադադարը կնքելիս։ Նրա խոսքով՝ բանակը պետք է մշտապես ի վիճակի լինել լուծելու ոչ միայն այդ, այլև շատ այլ խնդիրներ, որ կարող են ի հայտ գալ 21-րդ դարի շատ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։
2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: