Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:
Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Երդումից հետո հնչել է ՀՀ օրհներգը:
Նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը:
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ ապրիլի 9-ի առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: