11 ապրիլի 2018 - 13:11 AMT
Freedom House. ՀՀ-ն երկրորդ տարին անընդմեջ դեպի «համախմբված ավտորիտար ռեժիմի» շեմն է գնում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ապրիլի 11-ին հրապարակած Nations in Transit -2018 («Անցումային շրջանի պետություններ-2018») զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ երկրների հետ կանգնած է համախմբված ավտորիտար երկիր դառնալու վտանգի առջև:

Ժողովրդավարության ինդեքսը 5,39-ից աճել է մինչև 5,43 (1-ը համարվում է լավագույն ցուցանիշը, 7-ը՝ վատագույնը)։ 5-5,99 միավոր հավաքած երկրները համարվում են կիսահամախմբված ավտորիտար երկրներ, 6-7 միավոր հավաքածները՝ համախմբված ավտորիտար երկրներ։ 2017-ի զեկույցում ՀՀ-ն ևս նվազում էր արձանագրել՝ 2016-ի 5,36-ի դիմաց 5,39 միավոր հավաքելով։

2018-ին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը 2017-ի համեմատ մնացել է անփոփոխ՝ 6 միավոր: Անփոփոխ են մնացել նաև ընտրական գործընթացների, դատական համակարգի անկախության, մամուլի ազատության ցուցիչները. ՀՀ-ն ունի համապատասխանաբար՝ 6, 5,5 և 5,5 միավոր:

Զեկույցի հեղինակներն անդրադառնում են Սերժ Սարգսյանի իշխանավարությանը: Նշվում է, որ նա պետք է որոշի՝ լքել իշխանությունը, դառնալ վարչապետ, թե ոչ ֆորմալ ձևով ղեկավարել երկիրը իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում:

Զեկույցը վերլուծում է ժողովրդավարության իրավիճակն Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանում: Երկրների վարկանիշը կազմվում է մի շարք ցուցանիշներով՝ կոռուպցիայից մինչև ընտրական պրոցեսներ, վերլուծության հիման վրա 1-ից 7-ը գնահատական շնորհելով:

Nations in Transit զեկույցը ներառում է 29 հետկոմունիստական երկիր՝ նախկին ԽՍՀՄ-ում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալկաններում: