Նախագահական ընտրություններն Ադրբեջանում լուրջ խախտումներով են անցել: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով եվրահանձնակատարի մամուլի ծառայության Ադրբեջանում ապրիլի 11-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ, հայտնում է contact.az-ը:
Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում քվեների 86%-ը հավաքել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նշվում է, որ ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության, ընտրություններն անցել են քաղաքական իրավիճակի սահմանափակման պայմաններում, համաձայն օրենքների, որոնք սահմանափակում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում հավաքների, կարծիք հայտնելու և ԶԼՄ-ների ազատությունը:
Ըստ դիտորդների, քվեարկության օրը համատարած անտեսվել են պարտադիր ընթացակարգերը, բացակայել է թափանցիկությունն ու բազմաթիվ լուրջ խախտումներ են գրանցվել:
Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանի իշխանությունները կյանքի կկոչեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհուրդներն այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ:
Ավելի վաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հայտարարել էին, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատեղամասերում իրենց խանգարել են աշխատել:
ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են իրավունքների և ազատությունների սահմանափակման և անբավարար մրցակցության պայմաններում:
Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին:Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: