17 ապրիլի 2018 - 16:38 AMT
Վահրամ Բաղդասարյանը գնահատել է ոստիկանների պրոֆեսիոնալիզմը

Եթե այլ երկրներում ցուցարարները ներխուժեին ռադիո, ապակիներ ջարդեին ու անվայել խոսքեր ասեին, ապա տեղում կտեսնեին դատաստանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Աժ-ում ընթացող հատուկ նիստի ժամանակ, որի արդյունքում ընտրվելու է երկրի վարչապետը:

ՀՀ ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում պիտի ընտրվի ՀՀ նոր վարչապետը։ Միակ թեկնածուն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Վերջինս ստացել է իշխող ՀՀԿ ու ՀՅԴ կուսակցությունների աջակցությունը։ Ծառուկյան դաշինքի պատգամավորները քվեարկելու են ըստ սեփական հայեցողության։ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու:

Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է պատկերացնել՝ ինչ կանեին ուժայինները զարգացած երկրներում, եթե ցուցարարները ներխուժեին ռադիո, ուսհաստատություններ, ջարդեին ապակիներ և հայհոյեին ոստիկաններին։ «Տեղում կտեսնեին դատաստանը», - նշել է նա՝ հավանություն տալով ոստիկանների, իր խոսքով, հանդարտ պահվածքին։

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը:

Իրադարձությունների զարգացմանը կարելի է հետևել թարմացվող լրահոսով: