19 ապրիլի 2018 - 09:25 AMT
Թանկյանը՝ ՀՀ-ում ցույցերի մասին. Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, ինչ էլ կատարվի, հուսալքությունը վերացված է

SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում ընդդիմության հանարահավաքներին:

«Հայաստանում անհավանական բան է կատարվում, վերջապես։ Քաղաքացիական անհնազանդությունն աճում է՝ վերածվելով գործադուլների և դասադուլների ընդդեմ անարդար, կոռումպացված վերնախավի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ կատարվի, հուսալքությունը վերացված է։

Սերժ Սարգսյանը՝հին նախագահը, նոր վարչապետը, ընդունել է, որ բնակչության 60%-ը իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ (Թանկյանը չի նշում՝ որտեղ և երբ է նման հայտարարություն արել Սարգսյանը՝ խմբ․)։ Սե՛րժ, հարգանքով, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես: Քո կառավարումն այս պահին անարդյունավետ և վտանգավոր է»,- գրել է Թանկյանը։

Ապրիլի 18-ին ընդդիմության հանրահավաքի ընթացքում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընթերցել է Թանկյանի գրառումը և սկսե; վանկարկել՝ «արի տուն, արի տուն»։ Իսկ նախօրեի հանրահավաքում Փաշինյանը Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին կոչ էր արել գալ Հայաստան և միանալ իրենց շարժմանը։