Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը:
Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի Ազգային խորհրդրի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Ավստրիահայ համայնքի «Անի» երգչախմբի ելույթին և Վերֆելի արձանի մոտ պսակ դնելու արարողությանը հաջորդեցին ավստրիահայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարների, Ազգային խորհրդի պատգամավոր Քուգլերի ելույթները: Վերջինս իր խոսքում ընդգծել է 3 տարի առաջ Ավստրիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ գործած ոճրագործության մեջ Ավստրիայի պատասխանատվությունը ճանաչելու մասին հայտարարության կարևորությունը:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում կոչ է արել կրկին արժանի տուրք մատուցել ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելին, որն իր գրչին պատկանող «Մուսա լեռան 40 օրը» վեպի միջոցով կարողացավ ճշմարտացի կերպով լուսաբանել և համայն աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի ողբերգության և հերոսական պատմության մի կարևորագույն դրվագ, պայքարելու և մաքառելու հայի կամքն ու ուժը:
Դեսպան Կիրակոսյանը նաև շեշտել է, որ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի նախաշեմին անհրաժեշտ է փաստել, որ Հայոց պետականությունն է հանդիսանում հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը: