5 մայիսի 2018 - 15:33 AMT
Երևանի գինու օրերը կանցկացվեն մայիսի 11-12-ին

Մայիսի 11, 12-ին Երևանի Սարյան փողոցում կանցկացվեն արդեն ավանդական դարձող Գինու օրերը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Նա նշել է, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ներկայանալ խոհանոցով, ավանդույթներով, իսկ այս տոնի շնորհիվ հայկական գինին, գինու զբոսաշրջության պոտենցիալը ներքին և միջազգային շուկային է ներկայացվում, հայտնում է Panorama.am-ը։

Միջոցառման նպատակն, ըստ Ապրեսյանի, Հայաստանը որպես զբոսաշրջության համար գրավիչ, բազմազան, դիվերսիֆիկացված զբոսաշրջային արդյունք ունեցող երկիր համաշխարհային շուկային ներկայացնելն է, շուկայում խթանելը։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները թվարկված խնդիրները լուծելու հզոր հատկություն ունեն։

«Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը տեղեկացրել է, որ միջոցառումը կմեկնարկի 18։00, կավարտվի 23։00, այն միտված է գինու զբոսաշրջության զարգացմանը։ Բադալյանը հայտնել է, որ այս տարի կա կտրոն-գրքույկ, որը հնարավորություն է տալիս համտեսել 25-ից ավելի գինիներ, և այցելուն այն իր հետ տանում է տուն։ Գրքույկում տեղեկություններ են գինու, արտադրողի մասին, կոնտակտային տվյալներ։ Բանախոսի համոզմամբ՝ այն թե հուշանվեր կլինի, թե հայկական գինեգործության այցեքարտ։ Գրքույկը տպագրված է երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն։

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի համոզմամբ՝ գինի խմելն ուղղակի սովորություն չէ, ապրելակերպ է, և միջոցառման նպատակն է առաջին հերթին բարձրացնել սպառողների մոտ գինու կուլտուրան։ Նրա խոսքով՝ գինու տուրիզմը օգնում է զարգացնել համայնքները։ Մանուկյանը նշեց, որ փորձում են հասնել այն արդյունքին, որ Գինու կոնֆերանս կանցկացվի Հայաստանում։ «Մենք ունենք հնարավորություն որակյալ գինիներով աշխարհը տիրել, Հայաստանը կարող է ներկայանալ իբրև կոնյակի և գինու երկիր»,- ասել է նա։

Մանուկյանը տեղեկացրել է, որ իրենք ամիսներ շարունակ աշխատել են, որ տարբեր երկրներից զբոսաշրջիկներ ներկա լինեն, և հայաստանյան բոլոր տուրօպերատորները հատուկ փաթեթներ են առաջարկել զբոսաշրջիկներին։ Նրա կանխատեսմամբ՝ այս տարի նախորդ տարվա համեմատ տոնին մասնակից զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ կլինի, քանի որ նախորդ տարի փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, և ոչ բոլոր տուրօպերատորներն էին համարձակվել վաճառել նման փաթեթներ։

Գինու օրերը պետք է կայանային մայիսի 4-5-ին, սակայն հայտարարվեց, որ ստեղված իրավիճակի պատճառով, դրանց անցկացումը հետաձգվում է: Yerevan Wine Days-ը կոչված է աջակցելու զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Միջոցառման պատվավոր հյուրերը կլինեն հայտնի սոմելյեներ, հայտնի ֆուդ-բլոգերներ և միջազգային ԶԼՄ-ների լրագրողներ: Ենթադրվում է, որ Գինու օրերին Երևան կայցելեն զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

2017-ին միջոցառումը 2 օրում 25.000 այցելու է ունեցել: