Հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ֆանտաստիկ է անվանել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդ մասին Օհանյանը խոսել է The Late Show with Stephen Colbert շոուի շրջանակում: Պատասխանելով շոուն վարող Սթիվեն Քոլբերի հարցերին իր անձնական կայնքի, կրիպտոարժույթի և այլնի մասին՝ Օհանյանն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին:
«Ես հայ եմ, և Հայաստանում տեղի է ունեցել մեծ, իրապես անարյուն հեղափոխություն, որն ուղղակի ֆանտաստաիկ էր»,-ասել է նա: Ավելի ուշ Օհանյանն իր Instagram-ում նշել է Քոլբերի շոուն և գրել. «Երբ ցանկանաք խոսել կրիպտոարժույթի կամ Հայաստանի մասին, տեղեկացրեք»:
Ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 17-ին ստանձնած վարչապետի պաշտոնից երկրում ընթացող բազմամարդ բողոքի ակցիաների և քաղաքացիական անհնազանդության ֆոնին: Մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: