Կառավարության մայիսի 11-ի նիստում փոփոխություն է կատարվել ԵՏՄ մասին պայմանագրում: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին նախագիծը:
«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասել է Նալբանդյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ որոշման նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է:
«Խնդրում ենք հաստատել», - նշել է Նալբանդյանը: «Համարում ենք ընդունված», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 14-ին նախատեսված է ԵՏՄ պետությունների ղեկավարների նիստը, որին մտադիր է մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ենթադրվում է, որ հանդիպում կարող է լինել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: